|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Էջմիածնի գանձեր
"Էջմիածնի գանձեր" թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավ – արեւելյան հատվածում: Թանգարանում ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը; Նոյան Տապանի մասունքները (նույնպես տեղադրված մասնատուփում), որն էլ ստեղծվել է 1698թ.-ին, ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ:
Պատմության համաձայն` Նոյան Տապանի մասունքները տրվել են սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին IV դարում, քանի որ նա ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը, որպեսզի գտներ Նոյան Տապանը: Լեռը բարձրանալուց հետո նա Բարձրյալի ազդեցության ներքո քուն է մտնում, իսկ Տիրոջ հրեշտակը Տապանի մասնատուփը դնում է նրա գլխի տակ: Երազում, հրեշտակը հորդորում է սուրբ Հակոբին արթնանալ, վերցնել մասունքը և իջնել լեռան գագաթից: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ Զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված բուն Զոհասեղանի մնացորդները` թվագրված մեր թվարկության 301-303թթ:
Էջմիածնի Մայր տաճար
Երեւանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր Տաճարի հարակից տարածքում են գտնվում նաեւ կաթողիկոսի նստավայրն ու հոգեւոր ճեմարանը:
Էրեբունի թանգարան-ամրոց
Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երեւանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը:
Ծաղկաձոր քաղաքը («Ծաղիկների ձոր») համարվում է Հայաստանի ամենահայտնի եւ հյուրընկալ վայրերից մեկը: Սա մեր լեռնային երկրի փոքրիկ այն այնկյուններից է, ուր բնության գեղեցկությունն ի հայտ է գալիս իր ամբողջ բազմազանությամբ:
Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 50 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով:
Ծիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Ամեն տարի, ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաեւ օտարերկրացիներ հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում 40 մետր բարձրությամբ վեր խոյացող կոթողը` որպես հայ ժողովրդի վերածննդի ու խաղաղության խորհրդանիշ եւ դամբարանը` զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակով:
Կարմրավոր եկեղեցին իր փոքրածավալությամբ եւ ճարտարապետական նրբաճաշակ մտահղացմամբ հիշեցնում է միաձույլ կոթող: Կառուցված լինելով 7-րդ դարում` այն գրեթե անվնաս հասել է մեր օրերը: Ունի արտաքուստ եւ ներքուստ խաչաձեւ հատակագիծ:
Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արեւմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դարերում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաեւ միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արեւմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դարերում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաեւ միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմա-մշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում եւ ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը:
Հայրավանքի եկեղեցին կառուցված է Սեւանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքը: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով եւ արտաքինից ունի պարզ տեսք:
Հառիճավանք
Արագած լեռան արեւմտյան ստորոտին, ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության, այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համլիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնապես հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող, փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից եւ թեք վիճակում, գրեթե անվնաս հասել է մեր օրերը:
Հովհանավանք
Հովհանավանքը գտնվում է Աշտարակի համանուն գյուղում: Այն կրում է Հովհաննես Մկրտչի անունը: Ամենահին կառույցն այստեղ միանավ բազիլիկն է, որը թվագրվում է 5-րդ դարով: Հետագա կառուցապատումը կատարվել է 13-րդ դարում` Վաչուտյան իշխանների հովհանվորությամբ: Հետաքրքիր է գլխավոր եկեղեցու բարավորի ավետարանական թեմայով զարդաքանդակը:
Մակարավանք
Տավուշի մարզում է գտնվում հայ միջնադարյան եզակի կոթողներից մեկը` Մակարավանքը: Վանքային համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, միաբանության բնակելի եւ օժանդակ շենքերից: Այստեղ ճարտարապետական բարդ լուծումների կողքին իրենց բարձրարվեստ մշակմամբ աչքի են ընկնում նաեւ հարթաքանդակային ու զարդանախշային տարրերը:
Մատենադարան
Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաեւ համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների արձանները: