|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Ախուրյան գետի բարձրադիր ափին` գեղատեսիլ սարահարթի վրա է գտնվում իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Մարմաշենի հոյակերտ եկեղեցական համալիրը: Այն մի հսկայական կոթող է, որի շինարարությունը սկսվել է 986թ. եւ ավարտվել է 1029թ: Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են եռանկյունաձեւ խորշերով, որոնք իրենց լուսաստվերային խաղերով կենդանություն են հաղորդում կառույցին: Վանքի երկրորդ եկեղեցին կառուցված է գլխավորին կից: Այժմ պահպանված արեւելյան եւ հյուսիսային պատերը ցույց են տալիս, որ այն թե հորինվածքով, թե ճարտարապետական մանրամասներով գլխավոր եկեղեցու փոքրացված կրկնօրինակումն է: Սրբատաշ կարմիր տուֆով կառուցված այս համալիրը, ընդգծվելով երկնքի կապույտ ֆոնի վրա, աննկարագրելի տպավորություն է թողնում:
Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:
Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսեւորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են 13-14-րդ դարերին հատուկ ասեղնագործ խաչքարերը: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ:
Շաքիի ջրվեժ
Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի:
Արցախի նախկին մայրաքաղաք Շուշին գտնվում է Ստեփանակերտից տասը կիլոմետր հեռավորության վրա: Շուսին համարվում է Կովկասի ամենահին հոգեւոր եւ մշակութային կենտրոններից մեկը: Քաղաքը հայտնի է իր անառիկ ամրոցով ու զանազան պատմական վայրերով: Այստեղ է գտնվում նաեւ 18-րդ դարի մի մզկիթ եւ Սբ. Ղազանչեցոց եկեղեցին:
Վայոց Ձորի հյուսիս-արեւելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռեւս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումը իրականցվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30-50 աստիճան: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:
Սաղմոսավանք
Հովհանավանքից 5կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքի վրա, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988 թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000 թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախքին փայլն ու շքեղությունը:
Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, որն ի սկզբանե եղել է ճարտարապետների հմուտ հնարքը, որով նրանք այս երկու եկեղեցիներին հաղորդել են բարձր սեյսմակայունություն:
Սարդարապատ
Այս հուշահամալիրը, որը կառուցված է Արարատյան արեւաշող դաշտավայրում, ալեգորիկ արտահայտչամիջոցներով ներկայացնում է1918թ. տեղի ունեցած հայ-թուրքական ճակատամարտը եւ փառաբանում է հայ ժողովրդի փայլուն հաղթանակը: Համալիրի մուտքի առջեւ տեղադրված են հսկայածավալ թեւավոր ցլերը, իսկ հինգ արծիվներով եզերված ճեմուղին տանում է դեպի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող ազգագրական թանգարան, որտեղ ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը սկսած նախնադարյան հասարակարգից մինչեւ մեր օրերը:
Սբ. Գայանե եկեղեցի
Մայր Տաճարից ոչ շատ հեռու Արարատի ճերմակափայլ գագաթների ֆոնի վրա գծագրվում է Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին եւ կառուցվել է 7-րդ դարում: Ըստ ավանդության այն կառուցվել է Գայանե կույսի գերեզմանի վրա, որը նահատակվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար:
Սբ. Հռիփսիմե եկեղեցի
Էջմիածին քաղաքի մյուս տեսարժան կառույցը Հռիփսիմե եկեղեցին է: Սա Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձեւ տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձեւերի պարզությամբ ու վեհությամբ: Եկեղեցու ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը:
Գեղարքունիքի մարզը Վայոց Ձորի հետ կապող Սելիմի լեռնանցքը դարեր շարունակ ծառայել է որպես կարեւոր առեւտրային ճանապարհ: Այստեղով էին անցնում մեծաքանակ բեռներ տեղափոխող ուղտերի քարավանները: Երկար ճանապարհ կտրած առեւտրականներին ու ուղտերին իհարկե նաեւ հանգստի ժամեր էին անհրաժեշտ եւ այդ էր պատճառը, որ 1332թ. իշխան Չեսար Օրբելյանը այստեղ՝ Սելիմի լեռնանցքի երկարուձիգ, ոլոր-մոլոր ճանապարհի վրա կառուցում է այս քարավանատունը: Սա մի եռանավ կառույց է, որը լուսավորվում է միայն երդիկներից, քանի որ ելնելով ապահովության նկատառումներից սրահը չունի ոչ մի պատուհան ու այդ խորհրդավոր մթության մեջ թվում է, թե դեռ լսվում են առեւտրականների աղմկոտ խոսակցության արձագանքները:
Սեւանա Լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
Սեւանավանք
Չքնաղ տեսարան է բացվում Սեւանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, ուր լճի հայելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
Ստեփանակերտ
Ստեփանակերտը Արցախի ներկայիս մայրաքաղաքն է: Այն կոչվում է հեղափոխական Ստեփան Շահումյանի անունով: Ստեփանակերտը կառուցվել է ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի: Այս մաքուր ու գողտրիկ քաղաքը ունի բազում գեղեցիկ շենքեր ու այգիներ: Այստեղ կարելի է տեսնել հայտնի «Մենք ենք մեր սարերը» արձանը, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես Արցախի «Տատիկն ու պապիկը»: