|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Ամբերդ ամրոց
Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարեւոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026 թ. Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:
Այբուբենի հուշարձան
Գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Այն մշակվել է լեզվաբան եւ եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը: Մաշտոցյան այբուբենը ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որը ամբողջացվել է Միջին Դարերում:
Ասկերանի բերդ
Ասկերանի բերդը գտնվում է Ասկերան գյուղի հարավային մասում` Ստեփանակերտից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ամրակուռ պարիսպներով այս ամրոցը, որ երկու կողմից շրջապատված է Քարքար գետի հովտով, հնագույն ժամանակներից հայտնի է նաեւ Մայրաբերդ անունով եւ որպես ռազմական կարեւոր հենակետ հանդես է գալիս 18-րդ դարից:
Արագած լեռ
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռն է (4095 մ): Քառագագաթ այս հսկան լեռնագնացների ամենասիրած լեռն է եւ ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Դեպի հարավային գագաթ տանող ճանապարհին լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Առանձնապես դյութիչ տեսարան է բացվում ամենավերեւից: Մի կողմից ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից սպիտակին է տալիս հավերժական ձյունը, մի այլ տեղում արծաթազօծվում են Արագածի բազմաթիվ մեծ ու փոքր լճերը, իսկ հեռու մշուշում Արարատյան դաշտի եզրին վեր է հառնում Բիբլիական Արարատը:
Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Արեւաշատ այս գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը: Արենիում է գտնվում նաեւ տաղանդաշատ Մոմիկի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցին:
Արցախի հուշարձանների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Գանձասարը: Այն համարվում է հայ միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, միաբանական խցերից ու տնտեսական այլ շենքերից: Գլխավոր եկեղեցու արտաքին ճարտարապետության զարդն են կազմում գմբեթի բազմանիստ թմբուկի նրբակերտ բարձրաքանդակները: Վանական համալիրը կառուցված է Գանձասար կոչվող անտառապատ սարի գագաթին, որից էլ ժառանգել է իր անունը:
Գառնի տաճար
Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի եւ արքայական պալտների այլ ավերակները, ինչպես նաեւ մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները եւ վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով եւ բարձրարվեստ խաչքարերով:
Հայաստանի հյուսիս-արեւմուտքում, Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երեւանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Շատ խորն են այստեղ ազգային ավանդույթները, ազգային ոգին իր արտահայտությունն է գտել գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռեւս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, թվում է, թե փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում, բնակելի հին տները, որոնց մեծ մասը բարեբախտաբար դիմացան սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական մանրամասների հոյակապ իրականացմամբ, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Գյումրին` ի սկզբանե եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում, որտեղ առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական "Անուշ" օպերան:
Գոշավանքը հիմնադրել է միջնադարի նշանավոր հոգեւոր գիտնական, առակագիր եւ իրավագետ Մխիթար Գոշը: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական եւ աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ. կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգեւոր մշակույթի եւ գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Սյունիքի մարզի գլխավոր քաղաքներից մեկը Գորիսն է: Այս այգի-քաղաքը` չնայած տեղանքի խիստ թեքվածությանը եւ ձորակներով կտրտված լինելուն ունի շատ օրինակելի հատակագիծ: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձեւ ժայռերը: Շնորհիվ իր բնության արտառոցության` Գորիսը համարվում է Զանգեզուրի գեղեցկուհին:
Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ եւ մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստեւ գետի ափին եւ հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արեւը, անտառային թարմ օդը եւ հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
Դսեղ գյուղը գտնվում է Լոռու մարզում, որը վերանվանվել է "Թումանյան"` այդ գյուղում ծնված "Ամենայն հայոց բանաստեղծ" Հովհաննես Թումանյանի անունով: Հայտնի բանաստեղծը առանձնահատուկ դեր է խաղացել հայ ժողովրդի հոգևոր կյանքում: Տունը, որտեղ ապրել և ստեղծագործել է մեծանուն բանաստեղծը, այժմ տուն-թանգարան է, որը գործում է 1953թ.-ից: Հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի աղջիկն էր: Թանգարանը գտնվում է գեղեցիկ պարտեզում, որտեղ բանաստեղծի արձանն ասես ողջունում է այցելուներին: Բանաստեղծի կյանքը և գործունեությունը լուսաբանող անձնական իրերը ցուցադրված են թանգարանում: Թանգարանում է գտնվում նաև 8000 կտորից բաղկացած անձնական գրադարանը` նվիրված Կովկասի և Հայաստանի ուսումնասիրություններին, կրոնին, մշակույթին, պատմությանը և տարբեր ազգերի ժողովրդական բանահյուսությանը:
Հայաստանում վաղ շրջանի եկեղեցիներն ունեն միանավ, կամ եռանավ բազիլիկ կառուցվածք: 5-րդ դարի եկեղեցական ճարտարապետության մեջ հատուկ տեղ ունի Երերույքը, քանի որ հանդիսանում է եռանավ բազիլիկի դասական օրինակ: Այն քրիստոնեական վաղ շրջանի ճարտարպետության նվաճումներից է եւ իր մեջ ամփոփում է հայկական ճարտարապետության ծագման ու կազմավորման հետ կապված բազում հարցերի պատասխաններ: Գտնվում է Ախուրյան գետի մոտ, Անիպեմզա գյուղում:
Զվարթնոց տաճար
Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ եւ այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: